հիմնական կայք
Լրահոս

Միմյանց վրա գուրգուրանք, ձեռք ձեռքի տալով, չնախընտրենք օտարի լուծը. Ռիտա Բալյան. «Ամերիկայի ձայն»

Միմյանց վրա գուրգուրանք, ձեռք ձեռքի տալով, չնախընտրենք օտարի լուծը. Ռիտա Բալյան. «Ամերիկայի ձայն» 7779 կյանք՝ հենց այդքան մարդ է փրկել Հայաստանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը: Կենտրոնի աշխատանքներին էր նվիրված Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցած երեկոն, որի ընթացքում Հայաստանի կառավարության պարգևների արժանացան Հայաստանում մարդկանց կյանքեր փրկած ամերիկացի բժիշկները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»


Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը մեր երկկողմ հարաբերությունների կարևոր խորհրդանիշներից մեկն է, իր խոսքի մեջ նշում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.

«Որպես երկու աղջիկների հայր, պետք է նաև անձամբ նշեմ կենտրոնի աշխատանքների կարևորությունը»:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնական նպատակն է կանանց առողջության բարելավումը, նպատակ, որի կարևորությունը դժվար է թերագնահատել, ընդգծում է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը.

«Երբ երջանիկ է ընտանիքի մայրը, երջանիկ է ամբողջ ընտանիքը: Կանանց առողջությունն ամբողջ մարդկության առողջությունն է»:

Կենտրոնը հիմնադրվել էր ամերիկահայ բարերար Ռիտա Բալյանի նախաձեռնությամբ: Այսօր կենտրոնը շարունակում է գործել է հայ բարերարների աջակցության շնորհիվ: Ամերիկյան կառավարությունն իր կողմից Հայաստանում գործող կենտրոնի համար անվճար տրամադրում է թանկարժեք սարքավորումներ, նշում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գրասենյակի ներկայացուցիչ Մոհամադ Լաթիֆը.

«Մենք տրամադրում ենք եռաչափ տոմոգրաֆիկ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս արագ ախտորոշել քաղցկեղը, իսկ արագ ախտորոշումն այս դեպքում կարող է կյանք փրկել»:

Իր գործունեության ընթացքում կենտրոնը սպասարկել է ավելի քան 400 հազար մարդու, հիմնականում կանանց:

«Մայրն է ամենակարևոր սյունը, հիմքը իր ընտանիքի»,- ինքը՝ Ռիտա Բալյանը միշտ առաջնորդվել է մեկ գաղափարով՝ հետևել սրտի կոչին, լինել արժանի քաղաքացի այն երկրում, որտեղ բնակվում ես, ու երբեք չմոռանալ պատմական հայրենիքը»,- Հայը հային պետք է օգնի ամենից առաջ, հայը հայրենիքին պետք է օգնի»:

Կենտրոնում աշխատած ամերիկացի բժիշկներն ու մասնագետներն ընդգծում են. Հայաստանում անց են կացրել իրենց աշխատանքային լավագույն տարիները: Կենտրոնի հայ աշխատակիցներին ախտորոշման ռենտգենաբանություն սովորեցրած Էն Արչերը նշում է՝ դա կյանքիս կարևորագույն գործերից մեկն էր: Միշել Փարսոնսն օգնել է Հայաստանում մամոգրաֆիայի կենտրոն հիմնադրել.

«Սիրտս ընդմիշտ Հայաստանում մնաց, քանի որ դուք յուրահատուկ եք»:

Էմմա Զարգարյան, Հերոս Նորավյան, Քրիստին Ավաքոֆ, Վիկեն և Ջոն Փուչիգյան՝ մասնագետներ, որոնք օգնել են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հիմնադրել գինեկոլոգիական, ընտանեկան առողջության բաժիններ: Կենտրոնի հիմնադիր Ռիտա Բալյանն իր կողմից հիշեցնում է միասնության կարևորությունը.

«Մենք, հայերս, պետք է սովորենք միմյանց վրա գուրգուրանք, ձեռք ձեռքի տալով, չնախընտրենք օտարի լուծը»:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք