211652_close_icon
views-count6578 դիտում article-date 23:20 23-03-2018

Գերմանիան վտարել է Վրաստանի 50 քաղաքացու. նրանք Թբիլիսի են ժամանել հատուկ ավիաչվերթով

Գերմանիան վտարել է Վրաստանի 50 քաղաքացու «առանց վիզայի ռեժիմը» խախտելու համար, հաղորդում է «Ինտերպրեսնյուս» գործակալությունը: Արտաքսվածները, որոնց թվում նաև երեխաներ կան, Թբիլիսի են ժամանել հատուկ ավիաչվերթով: Ոմանք ասում են, որ իրենց արտաքսման մասին որոշումը կայացվել է դատարանի կողմից, իսկ վտարման սխեման պարզ էր. «տնից մեզ վերցրել են և տարել օդանավակայան»:Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?p=92759&lang=hy]JAMNEWS[/url]-ը: «Գերմանիայում հատուկ գործողություն է իրականացվել երկրի տարածքում ապօրինի գտնվող Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու ուղղությամբ: Նրանք արտաքսվել են այն բանի հիման վրա, որ Վրաստանի քաղաքացիները ապաստան ստանալու խնդրանքով դիմելու պատճառ չունեն», — լրագրողներին հայտարարել է «Ֆրոնտեքս» ընկերության ներկայացուցիչ Իրմա Ցիրամուան, որը հետևում է տվյալ գործընթացին: Մինչ այդ վերջին անգամ Գերմանիայից Վրաստանի քաղաքացիներին վտարել էին փետրվարին: Քութայիսի-Մեմինգեմ ավիաչվերթով Գերմանիա մեկնած 19 մարդ իրավունք չէր ստացել ոտք դնել երկրի տարածք և նույն չվերթով ետ էր ուղարկվել Վրաստան: Գերմանիան բավականին վաղուց է մտահոգություն հայտնել ապաստան խնդրողների թվի, ինչպես նաև կազմակերպված խմբավորումների կողմից գործած հանցագործությունների քանակի ավելացման կապակցությամբ: Փետրվարի 8-ին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի նախարարների կաբինետի անդամ Յոահիմ Շտամպը պահանջել էր կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը: Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս կտրուկ աճել է Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք Գերմանիայում փորձում են փախստականի կարգավիճակ ստանալ, իսկ վրացական քրեական բանդաների գործունեությունը շատ է անհանգստացնում գերմանացիներին: Վրաստանն արդեն ստացել է նմանատիպ զգուշացում Եվրամիությունից: Եվրահանձնաժողովը բաց տեքստով հայտարարել է, որ վրացական քրեական խմբավորումները մեծ խնդիր են դարձել Եվրոպայի համար: Մարտի 6-ին միգրացիայի հետ կապված հարցերի քննարկման համար Վրաստան էին ժամանել գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության՝ միգրանտներին վերադարձնելու շտաբի ղեկավար Քրիստիան Քլոսն ու փախստականների և միգրացիայի հարցերով ԱԳՆ հավատարմատար Անետ Գյունտերը: Թբիլիսիում կայացած հանդիպումների ժամանակ նշվել էր, որ Գերմանիան պատրաստվում է զգալիորեն կրճատել ապաստան ստանալու դիտարկվող խնդրանքների քանակը: Վրացական կողմը վստահեցրել է, որ կանխարգելող միջոցներ է ձեռնարկում և համապատասխան օրենսդրական բարեփոխումներ է կատարելու: Մարտի 6-ին Վրաստանն արեց առաջին հստակ քայլը՝ խստացնելով ազգանուն փոխելու կանոններն այն մարդկանց հեշտությամբ նույնականացնելու համար, որոնք ազգանուն են փոխել ինչ-որ իրավախախտումների հետ կապ ունենալու պատճառով: Ըստ Գերմանիայի դեսպանատան տեղեկատվության՝ վիզային ռեժիմի ազատականացումից հետո ապաստան խնդրողների թիվն ավելացել է մոտ 3 անգամ: Միայն այս տարվա հունվարին Գերմանիայից ապաստան է խնդրել գրեթե 700 մարդ, և նրանց 100%-ը մերժվել է: ԵՄ և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը գործարկվել է 2017թ–ի մարտի 28-ին: Այդ օրվանից մինչև նախորդ տարվա դեկտեմբեր առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի: Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում կիրառել այսպես կոչված «կասեցման մեխանիզմը»՝ լիբերալ վիզային ռեժիմի վերանայմամբ, եթե Վրաստանը չկատարի իր վրա վերցրած պարտավորությունները: Վրաստանի իշխանությունները վստահեցնում են, որ, չնայած ստեղծված խնդիրներին, տվյալ պահին առանց վիզայի ռեժիմին ոչինչ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր