211652_close_icon
views-count7469 դիտում article-date 15:21 20-03-2018

Ալիևի մառազմատիկ հայտարարությունների շարունակությունը կլինի տարածքային պահանջների ներկայացումը մյուս հարևան պետություններին․ Վրաստանում ՀՀ դեսպան

Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ Անդրադառնալով շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ այդ հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի շարք խնդիրներ լուծում ստանան, ստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն։ Հարցեր հնչեցին Հայաստանի սահմանակից մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների հետ կապված։ Դեսպան Սադոյանն իր խոսքում ընդգծեց Թբիլիսիի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության կապի ամրապնդման և վրացերեն լեզվի ուսուցման կարևորությունը։ Ներկաներից մեկին հետաքրքրում էր Իլհամ Ալիևի արած վերջին հայտարարությունը, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական պատմական հողեր են։ Հարցին ի պատասխան՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում, և եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի հարևան մնացած պետությունների նկատմամբ։ Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր