211652_close_icon
views-count2629 դիտում article-date 22:40 13-03-2018

Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմում մասնակցել է «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. Հայաստանի փորձը» կլոր սեղանին

Մարտի 13-ին Ստոկհոլմում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության հարցերով պետքարտուղար Ուլրիկա Մոդեերը բացեցին Շվեդիայի Կառավարության և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Կայուն զարգացման նպատակները և 2030 օրակարգի իրականացումը. Հայաստանի փորձը» թեմայով կլոր սեղանը։ Իր բացման խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը որոշակի դրական փորձ է կուտակել Կայուն զարգացման նպատակաների առաջմղման գործում, և նման միջոցառումները լավ հնարավորություն են այն գործընկերներին ներկայացնելու համար և ուսումնասիրելու այս ուղղությամբ այլ երկրներում կատարած աշխատանքը։ «Մենք ուրախ ենք, որ Շվեդիայում գնահատվում է Հայաստանի կողմից այդ բնագավառում արձանագրված առաջընթացը», շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ներկայումս Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը Հայաստանը ավարտել է` դա համադրելով «Ազգային զարգացման ռազմավարություն 2030»-ի և ընդհանուր բարեփոխումների հետ: Նա հավելեց, որ «Այս գործընթացին իր նպաստն է բերում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է»: ԱԳ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ շեշտեց, որ Հայաստանն, ի թիվս 47 այլ երկրների իր առաջին կամավոր ազգային դիտարկումն է ներկայացնելու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում։ Կլոր սեղանին Հայաստանից մասնակցում էին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Էրիկ Գյուլազյանը, ՄԱԿ Ազգային համակարգողի գրասենյակի տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր