211652_close_icon
views-count4384 դիտում article-date 21:19 13-03-2018

Աշոտ Նադանյան. Արոնյանը սովորաբար պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանի մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Աշոտ Նադանյանը, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Հանդիպման թեման Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանի մասնակցությունն էր: Միքայել Անդրիասյանը նշեց, որ մրցաշարն, իր կարևորությամբ, զիջում է միայն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարին: «Մրցաշարի կազմը շատ ուժեղ է, բայց հույսեր ունենք Լևոնի հետ կապված և հավատում ենք նրա հաղթանակին: Մեկնարկն անհաջող էր, բայց սա միայն սկիզբն է, առջևում դեռ 11 տուր կա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Աշոտ Նադանյանն ասաց, որ Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ առաջին պարտիայում Լևոնը հաղթական դիրքում էր, բայց, նրա խոսքով, ավելի լավ շարունակություն չգտավ և որոշեց կրկնել քայլերը: «Կարծում եմ՝ իրավիճակն այնքան էլ բարդ չէր, և կարելի էր ռիսկի դիմել: Առաջին պարտիայում սխալի գինն այնքան էլ բարձր չէ, որքան եզրափակչում: Հոգեբանական խնդիր չկար, պարզապես Լևոնը վստահ չէր, որ այդ դիրքից կարելի է պարտիան հաղթանակ ավարտի հասցնել: Երկրորդ պարտիան նա շատ լավ անցկացրեց: Ադրբեջանցի Մամեդյարովը մեկնարկում նոր քայլ կիրառեց, բայց Լևոնը եզակի քայլերով հավասարեցրեց դիրքը և ստիպեց մրցակցին համաձայնել ոչ-ոքիի: Ինչ վերաբերում է [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/12/1091202/]երրորդ[/url] պարտիային, սխալ համարում եմ Լևոնի առաջին քայլը (е4): Նա արդեն վաղուց այդպես չի սկսում: Չգիտեմ՝ ինչու այդպես որոշեց: Լևոնը ցանկանում էր Կրամնիկի հետ խաղալ վերջինիս սիրած տարբերակով, բայց ինչպես պարզվեց, Կրամնիկն արդեն երկու տարի սպասում էր նոր տարբերակ փորձելու հնարավորությանը: Հոգեբանորեն Արոնյանի ընտրությունը ճիշտ չէր, ի սկզբանե նա ստիպված էր խաղալ մրցակցի դաշտում: Սակայն վստահ եմ, որ Լևոնն արագ կվերականգնվի: Հանգստյան օրը նրան օգտակար կլինի, իսկ առաջիկա մրցակցի՝ Կարյակինի հետ լավ վիճակագրություն ունի: Սովորաբար Լևոնը պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ»: Հրանտ Մելքումյանի խոսքով մեկնարկային պարտիայում ոչ-ոքին լավ արդյունք էր. «Եթե վստահ չես, պետք չէ շարունակել: Գնահատականի համար դիրքը միանշանակ չէր: Մրցաշարում Արոնյանի հնարավորությունները բարձր եմ գնահատում: Լավ է պարտվել մեկնարկում, քան եզրափակչի որոշիչ պահին: Վերջին ժամանակներում Լևոնը լավ մարզավիճակում է՝ հաղթելով մի քանի ուժեղ մրցաշարերում: Ամեն ինչ դեռ առջևում է»:

Նմանատիպ նյութեր