211652_close_icon
views-count6150 դիտում article-date 19:44 27-02-2018

Լևոն Ջուլֆալակյանի անդրադարձը Կիևի մրցաշարի մասին

Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ըմբիշները նվաճեցին վեց մեդալ: 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ) արժանացան բրոնզե մեդալի: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց Կիևում անցկացված միջազգային մրցաշարում մեր ըմբիշների մասնակցության մասին. «Շատ ուժեղ մրցաշար էր: Բազմաթիվ թիմեր եկել էին առաջին կազմով: Մենք լիարժեք մրցումային պատրաստվածությամբ Կիև չէինք մեկնել, քանի որ մեր առաջիկա գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությանը ճիշտ պատրաստվելն է: Ընդհանուր առմամբ մեր տղաները լավ մասնակցեցին: Իհարկե, նկատվեցին նաև թերություններ, որոնց վրա պետք է աշխատել: Երիտասարդների էլ էինք ընդգրկել, որոնք ուրախացրին: Միևնույն ժամանակ տեսա նրանց բաց կողմերը: Մնում է՝ նախապատրաստության հաջորդ փուլերը լավ անցկացնենք: Սովորաբար, մենք ցանկացած մրցման մեկնում ենք հաղթելու նպատակով: Բայց քանի որ նոր քաշային կարգեր են և օրենքներ են փոխվել (առավոտյան՝ կշեռք, մեկ ժամ անց՝ մրցաշար և այլն), տղաները պետք է այդ փորձարկումներն անցնեն: Ամեն մի մարզիկ այս ամենն իր օրգանիզմի վրա պետք է զգա և հասկանա: Այս մոտեցումները նրանց համար դեռ անսովոր են: Մարզիկը որքան էլ փորձառու լինի, այս ճանապարհը պետք է անցնի: Սա էր Կիևում մեր հիմնական նպատակը Եվրոպայից առաջ», - ասաց գլխավոր մարզիչը:

Նմանատիպ նյութեր