211652_close_icon
views-count5263 դիտում article-date 21:07 20-02-2018

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն արտերկրում. Արցախի արտաքին գործերի նախարար

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներ ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենալու ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը: Մասնավորապես՝ փետրվարի 22-ին Մոսկվայում` «Ռեգնում» լրատվական գործակալությունում, տեղի է ունենալու կլոր սեղան՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Փետրվարի 24-ին Բեյրութում կայանալու է հորդանանցի հայ լուսանկարչի ցուցահանդեսի բացում, ով 1994 և 2016 թվականներին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ եկել է Ղարաբաղ և լուսանկարել պատերազմը արտացոլող պատկերներ: Նա ցուցահանդեսին ներկայացնելու է մոտ 60 լուսանկար: Նախարարի խոսքով՝ «Արցախի օրերը Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների մի մասը ևս նվիրված է լինելու շարժման 30-ամյակին: «Տարվա ընթացքում արտասահմանում քաղաքական, մշակութային տարբեր միջոցառումներ են նախատեսվում, որոնց մասնակցելու են մեր մշտական ներկայացուցչությունները: Այդ միջոցառումներին մասնակցելու համար Արցախից գործուղվելու են նաև տարբեր պաշտոնյաներ: Կլինեն դասախոսություններ, ելույթներ»,- ասել է Մ. Մաիլյանը՝ հավելելով, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ միջոցառումների շնորհիվ տեղեկացնելու լայն հասարակությանը շարժման պատմության, խնդրի էության մասին, ինչպես նաև՝ խոսելու մեր իրավունքներից: [url=http://artsakhpress.am/arm/news/81152/arcakhyan-sharzhman-30-amyakin-nvirvats-mijocarumner-kkazmakerpven-arterkrum-nakharar.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր