211652_close_icon
views-count2698 դիտում article-date 19:14 20-02-2018

Շիրակի մարզպետը հանդես է եկել կատարված աշխատանքների վերաբերյալ հանրային հաշվետվությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2017 թվականին արված աշխատանքներ և 2018-ի անելիքներ. Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը փետրվարի 20-ին հանդես եկավ հանրային հաշվետվությամբ: Բոլոր բնագավառներում իրականացված աշխատանքներ, ձեռքբերումներ, անելիքներ` 2017 թվականը, ըստ Արթուր Խաչատրյանի, աշխատանքի ու ձեռքբերումների տարի է եղել: Ֆինանսական բնագավառին անդրադառնալիս, մարզպետը նշեց, որ համայնքների եկամուտների հավաքագրման հարցում արձանագրվել է աննախադեպ բարձր կատարողական` մոտ 96 տոկոս: Մշակվել և կառավարությանն է ներկայացվել մոտ 15 ներդրումային ծրագիր: Ֆինանսավորվել են 2-ը, որոնցից մեկը` 100 մլն դրամ արժողությամբ, մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է: Խոսքը Գյումրու «Մարզամշակութային կենտրոնի» մասին է: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը: Հավանության է արժանացել նաև «Շիրակ» հյուրանոցի շենքի վերականգնման` «Բասենի Գովք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Բասենի հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցում» ներդրումային ծրագիրը, որի իրականացման արդյունքում կստեղծվի 100-150 աշխատատեղ: «Կապիտալ շինարարության ծավալները 2017 թվականին աճել են մոտ 70 տոկոսով 2016-ի համեմատ: Մշակվել է մարզի զարգացման 2018-2025 թթ. ռազմավարությունը, որտեղ հստակեցվել են մարզի զարգացման ուղղությունները: ԵՄ հայաստանյան պատվիրակությունը հաստատեց, որ Շիրակը լինելու է ԵՄ ծրագրերի կիզակետում: Մեկ կարևոր հանգամանք ևս, խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցան առանց ցնցումների և խնդիրների»,- նշեց Արթուր Խաչատրյանը: Մարզպետն անդրադարձավ նաև մարզպետարանի կողմից մշակված զբոսաշրջության զարգացման հայեցակարգին` ընդգծելով այս բնագավառի կարևորությունն ու առաջնահերթությունը: «Հայեցակարգը մենք մեր ուժերով ենք մշակել, իհարկե, հաշվի ենք առել մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակը, տեղական տուրիստական գործակալությունների ու մասնավոր հատվածի կողմից ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները»: Արթուր Խաչատրյանը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին, մարզպետը վերջիններիս հորդորեց ուշադրության կենտրոնում պահել առողջապահության և սոցիալական բնագավառները. «Առողջապահության կամ սոցիալական ծառայությունների գործունեության վերաբերյալ ցանկացած հարց կամ բողոք հորդորում եմ անմիջապես ինձ ներկայացնել, ցանկացած խնդիր մեր անմիջական ուշադրության և վերահսկողության տակ է լինելու»: Մարզպետն անդրադարձավ բոլոր ոլորտներում իրականացված ծրագրերին, նշելով, որ մարզի 2017 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզպետի գործունեության մասին հաշվետվությունն, ինչպես նաև 2018 թվականին նախատեսված միջոցառումների ծրագիրը հրապարակված են մարզպետարանի պաշտոնական կայքում և հասանելի փաստաթղթեր են բոլորի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր