211652_close_icon
views-count2477 դիտում article-date 12:57 20-02-2018

Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը` «Անասնակերի մատակարարման և կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի մեկնարկին և իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է նման ծրագրի իրականացումը Հայաստանում: «Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է: Մենք ունենք անասնապահության լավ պատմություն և ոլորտում ոչ գոհացուցիչ իրավիճակ: Գիտենք` ուր ենք ուզում գնալ, սակայն ունենք հարցադրումներ, որոնց պատասխաններն ու լուծումներն ակնկալում ենք այս ծրագրից»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը: Նախարարը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի առկա խնդիրների լուծման բանաձևերը գտնել, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի երկարաժամկետ ռազմավարության մշակման համար: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է արոտավայրերի, կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը, առավել արդյունավետ կերարտադրության զարգացմանը, կաթի որակի բարձրացմանը, կենդանիների արդյունավետ պահվածքին առնչվող հարցերը: Ջոն Օ՛Քոնելը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, նշել է, որ այն ունի երկու բաղադրիչ: Առաջինը վերաբերում է կերարտադրության ոլորտի ուսումնասիրությանը, որի շրջանակում նաև երկրի շրջակա միջավայրին առավել հարմար այլընտրանքային կերարտադրության տարբերակներ կընտրվեն և արդյունքում կմշակվի տնտեսական մոդել` ուղղված կերարտադրության միջոցով կաթի արտադրության ավելացմանը: Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսին տեղի ունենալիք սեմինարի ընթացքում, որին կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, կներկայացվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները ռազմավարությունների մշակման համար: Ծրագրի շրջանակում երկրորդ հետազոտությունը նվիրված կլինի կաթի վերամշակման ոլորտի ուսումնասիրությանը: Բացի այդ, հարցում կիրականացվի սպառողների շրջանում: Այս երկու ուսումնասիրությունները համադրելով` կստեղծվի ներդրումների ճանապարհային քարտեզ: Նախարար Առաքելյանը կարևորել է ծրագրի իրականացման ընթացքում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությունը` ընդգծելով, որ նախարարության տեղեկատվական բազայում առկա են արդեն իրականացված տարբեր ուսումնասիրություններ, որոնք կարող են օգտակար լինել` խնայելով ժամանակ և ռեսուրսներ, ինչպես նաև կարևորել է առաջարկների տնտեսական հիմնավորումը` հույս հայտնելով, որ այս ծրագրի իրականացման արդյունքում, միջազգային փորձը տեղայնացնելով Հայաստանի իրականության հետ, կառաջարկվեն կիրառական նշանակություն ունեցող լուծումներ` ուղղված ոլորտի զարգացմանը:

Նմանատիպ նյութեր