211652_close_icon
views-count4849 դիտում article-date 23:21 17-02-2018

Մյունխենում կայացել է Հայաստանի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ: Արտգործնախարարները գոհունակությամբ շեշտելով, որ հայ-եգիպտական կապերը հիմնված են երկու ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա՝ կարևորեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի ձեռնարկումը։ Մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնան շուրջ, անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Հայաստանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Երևանում կայանալիք Ֆրանկորֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանի և Սամեհ Շուքրիի ուշադրության կենտրում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները: Հայաստանի ԱԳ նախարարն իր պաշտոնակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Նմանատիպ նյութեր