211652_close_icon
views-count3130 դիտում article-date 17:03 17-02-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ավստրիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Ավստրիա կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ավստրիացի գործընկերների հետ: Մասնավորապես, փետրվարի 12-ին հայկական պատվիրակությանը հյուրընկալել է Ավստրիայի կայուն զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Յոզեֆ Պլանկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թվականին Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին վերաբերող հարցեր: Յոզեֆ Պլանկը վերահաստատել է ավստրիական կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին: Այցի շրջանակում փետրվարի 13-ին պատվիրակության անդամներն այցելել են Ավստրիայի «Ագրար-Մարկտ» ՊՓԲԸ: Ընկերության գլխավոր տնօրենի Գյունտեր Գրիզմայերի հետ քննարկվել են գյուղատնտեսական միավորումների միասնական ռեգիստրի ստեղծման, տարածքների քարտեզավորման, կենդանիների նույնականացման մեխանիզմների ներդրման հարցերում ավստրիական փորձի կիրառման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական արտադրանքի պիտակավորման, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված տնտեսվարողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և այլ հարցերի: Նույն օրը Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի գյուղատնտեսական պալատի նախագահ Հերման Շուլթեսի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ավստրիայի տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների ինքնակազմակերպման համակարգը, երկրում գործող տարածքային պալատների ու կոոպերատիվների գործունեության և պետական կառույցների հետ համագործակցության եզրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել նաև Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է գործակալության միջոցով Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված նախագծերի արդյունավետությունը: Առաջարկվել է ընդլայնել համագործակցությունը` հաշվի առնելով Ավստրիայի գյուղատնտեսության ոլորտում գործող ինստիտուցիոնալ կառույցների փորձը, մասնագետներրի վերապատրաստման և գյուղատնտեսական կրթության բարձրացման հեռանկարները: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ներքին Ավստրիայի և Բուրգենլանդի ֆերմաներ, գյուղատնտեսական բնագավառում մասնագետներ պատրաստող և վերապատրաստող ակադեմիաներ, գինեգործական և մրգագործական գործարաններ, ագարակներ և տնկարաններ, հանդիպումներ ունեցել գյուղատնտեսական սարքավորումների և գյուղատնտեսական լոգիստիկ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, ծանոթացել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացող ապահովագրական ընկերության գործունեությանը: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր