211652_close_icon
views-count5305 դիտում article-date 16:36 15-02-2018

Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի ցուցանիշը

Խաչիկ Չախոյանը և Ասատուր Եսայանցը Փհենչհանից հաղորդում են: Դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում այսօր մեկնարկեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Կատյա Գալստյանը: Նա ցույց տվեց 30:25.1 արդյունք և ինչպես Միքայել Միքայելյանը, զբաղեցրեց 72-րդ տեղը: Կանանց մրցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցեց 90 դահուկորդ, այդ թվում՝ աշխարհի բազմակի չեմպիոններ տարբեր երկրներից: Կատյան մրցումից հետո բարձր տրամադրություն ուներ և բավարար համարեց իր արդյունքը: Մեկնարկում Գալստյանը բավականին լավ րոպեներ ցույց տվեց, բայց մրցատարածության երկրորդ հատվածում զիջեց դիրքերը և ի վերջո զբաղեցրեց 72-րդ տեղը. «Շատ լավ հասկանում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու: Բայց ես էլ իմ առաջադրանքն ունեի՝ հնարավորինս լավ րոպեներ ցույց տալ: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ-ոքի չի ուրախացնի: Բայց պատկերացրեք, որ ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ պարտվել: Այնպես որ, իրական գնահատական տալով ելույթիս՝ այն համարում եմ բավարար»,- նշեց Կատյա Գալստյանը: Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանն էլ համամիտ է իր սանի հետ. «Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին, արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի՝ մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց ունեցած մարզավիճակում նա արեց առավելագույնը: Այնպես որ, ես էլ Գալստյանի ելույթը գնահատում եմ բավարար»: Այսպիսով, մեր երեք մարզիկներից մեկը ավարտեց ելույթները Փհենչհանում: Վաղը վերջին մրցելույթն է ունենալու Միքայել Միքայելյանը: Նա կմրցի տղամարդկանց ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում, իսկ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հանդես կգա փետրվարի 22-ին: Ի դեպ, այսօր կանանց 10 կմ ազատ ոճով մրցման ժամանակ երկու մարզուհիներ ցույց տվեցին բացարձակ նույն արդյունքը և կստանան իրենց մեդալը: Աշխարհի չեմպիոն, նորվեգուհի Մարիտ Բյորգենը և ֆինն Քրիստա Պարմակոսին դարձան բրոնզե մեդալակիրներ, իսկ արծաթը բաժին հասավ շվեդուհի Շառլոտ Կալլային:

Նմանատիպ նյութեր