հիմնական կայք
Լրահոս

Չեմպիոնների լիգա. Այսօր՝ երկու տեղի կունենա երկու դիմակայություն, անկանխատեսելի հանդիպում Թուրինում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգա. Այսօր՝ երկու տեղի կունենա երկու դիմակայություն, անկանխատեսելի հանդիպում Թուրինում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը: Այս փուլում՝ վիճակահանության կամոք, մեզ սպասվում են մի շարք բացառիկ հետաքրքիր և անկախատեսելի դիմակայություններ:

Այդ մրցավեճերից առաջին երկուսը կկայանան այսօր: Նախ՝ Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: Թող զարմանալի չթվա, բայց հենց այս դիմակայությունն ենք համարում ամենաանկախատեսելին 1/8 եզրափակիչ փուլի 8 զույգերից:

Հանդիպելու են երկու հակադիր խաղային փիլիսոփայություններ ունեցող թիմեր: «Յուվենտուսը» հայտնի է իր ամուր պաշտպանությամբ, Բուֆոնով, խաղադաշտի ցանկացած հատվածում պրեսինգի դիմելու ունակությամբ: Բայց ամենակարևորը՝ «Յուվենտուսը» թրծված, փորձառու թիմ է, որն արդեն մի քանի տարի հարաբերական հաջողությամբ հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում:

Երբ ասում ենք՝ անկախատեսելի, առաջին հերթին նկատի ունենք «Տոտենհեմին»: Վերջինս համալրված է երիտասարդ, ամբիցիոզ և կրակոտ խաղացողներով, որոնք Պոչետինոյի գլխավորությամբ չափազանց գեղեցիկ, հարձակողական ու ճկուն ֆուտբոլ են ցուցադրում: «Արսենալի» հետ նրանց վերջին հանդիպումը դրա վառ ապացույցն էր:

«Տոտենհեմը» այլևս այն թիմը չէ, որը հեղինակությունների հետ խաղերում զգուշավորություն էր ցուցաբերում: Այժմ ինքն է բոլորին ստիպում հաշվի նստել իր հետ: Նրանց կազմում է 2017 թվականի աշխարհի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, աշխարհի լավագույն խաղարկող կիսապաշտպաններից մեկը՝ Քրիստիա Էրիքսենը, որոնք պատրաստ են ամենաչնչին դրվագից գոլ ստեղծել: Դժվար է ասել, թե ինչով կավարտվի «Յուվենտուս»-«Տոտենհեմ» դիմակայությունը, սակայն այն խոստանում է լինել բավական հետաքրքիր և դրամատիկ:

Օրվա երկրորդ դիմակայությունում շվեյցարական «Բազելը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Այստեղ բացահայտ ֆավորիտը Գվարդիոլայի թիմն է: «Սիթին» խելահեղ տեմպերով ԱՊԼ-ում ընթանում է դեպի չեմպիոնական տիտղոսը՝ պարզապես ճզմելով իր մրցակիցներին: Այժմ, երբ «գվարդիոլականները» ԱՊԼ-ում գործնականում լուծել են իրենց բոլոր հարցերը՝ մրցաշրջանի ավարտից 11 տուր առաջ 16 միավորով առաջ անցնելով 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից», արդեն կարող են բոլոր ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա:

Այդ տիտղոսը «Մանչեսթեր Սիթիի» համար հասանելի է՝ հաշվի առնելով թիմի ցուցադրած խաղն ու արդյունքները: Փայլուն մարզավիճակում է գտնվում հիմնական ռմբարկու Սերխիո Ագուերոն, որը ԱՊԼ-ի վերջին տուրում պոկեր ձևակերպեց «Լեսթերի» դեմ: Թիմի գլխավոր ուժն ու շարժիչը բելգիացի Կևին Դե Բրյույնեն է՝ ԱՊԼ-ի գոլային պահեր ստեղծող խաղացողը:

Իհարկե, «Բազելն» վատ տպավորություն չթողեց այս մրցաշրջանում, մասնավորապես՝ ՉԼ-ի խմբային փուլում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», բայց, կարծում ենք, այս դիմակայությունում անակնկալներ չեն լինի:

Նշենք, որ օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)

«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

Տեսանյութ





© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք