հիմնական կայք
Լրահոս

2800-ամյա Երևանը և երբեմնի քոչվոր ցեղի իրավահաջորդ առաջնորդի զառանցանքները

2800-ամյա Երևանը և երբեմնի քոչվոր ցեղի իրավահաջորդ առաջնորդի զառանցանքները Օրերս հարևան կոչվող հանրապետության «Յենի Ազերբայջան» իշխող կուսակցության համագումարում միաձայն որոշում կայացվեց Իլհամ Ալիևի պաշտոնավարությունը կրկին երկարաձգել և նրան նորից առաջադրել նախագահի թեկնածու:

Վախի, անվստահության, հետապնդումների, հալածանքների ու այլևայլ սարսափների մեջ գտնվող երկրի քաղաքացիների նախագահը, բնականաբար, գոտեպնդվելով իր անձի հանդեպ տածած այդ հույժ մեծ «սիրուց, ակնածանքից և վստահությունից»՝ հանդես է եկել, այսպես ասած, ծրագրային ելույթով, և ոչխարի իր անփոփոխ հայացքով զոռ տալով հիվանդագին երևակայությանը՝ զառանցագին ու ամբարտավան հայտարարել է, թե Երևանը, Զանգեզուրը Ադրբեջանի «պատմական տարածքներն» են և խոսել է դրանք վերադարձնելու անհրաժեշտության մասին և այդ խնդիրը համարել Ադրբեջանի ռազմավարական նպատակ։
Բացարձակ անգրագիտության, տարրական չիմացության և տգիտության այսօրինակ դրսևորումը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ, միայն քմծիծաղ է առաջացնում պատմությանը քաջածանոթ մարդկանց շրջանում։

Իր անձը իրեն շատ բնորոշ մի կենդանու տեղ դնելով՝ Ալիևը ինչ է, չգիտի՞, թե պատմության քառուղիներում ինչ ճանապարհներ են անցել թե հայ ժողովուրդը և թե Կարա-կոյունլու (թարգմանաբար՝ սև ոչխարավորներ) կոչվող և իր հետագա գոյությամբ արխադաշ Լենինին պարտական քոչվոր ցեղախումբը։ Իրականությունից շատ հեռու և անհամ բարբաջանքներ շաղ տվող Իլհամը մի՞թե գոնե հպանցիկ հայացք չի նետել կամ նրա խորհրդականները մի՞թե աչքը չեն մտցրել համաշխարհային հեղինակավոր հանրագիտարանների համապատասխան հոդվածները, որոնցում հստակ նշված են, որ այժմ էլ Ադրբեջանում ադրբեջանցի անվանումով որպես առանձին էթնիկ խումբ և ազգություն դեռ հստակ ձևավորված չէ։

Կամ որ՝ Նախիջևանը, որի տարածքը կազմել է Մեծ Հայքի մի մասը և մտել է նրա տարբեր աշխարհների (Այրարատ, Սյունիք, Վասպուրական) կազմերի մեջ, սակայն 1921 թվականին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրով այն բռնակցվել է Ադրբեջանին։

Հեյդար Ալիևի այս մոլորյալ զավակը, որի հայրը գոնե գիտեր մեր հնամյա ժողովրդի պատմությունը և մեկ անգամ չէ, որ հնուց եկող հայ ժողովրդի մասին ակնածանքով հայտարարել է իր հրապարակային ելույթներում, մի՞թե մոռացել է, որ Հայաստանը Կոլիզեյի մոտակայքում՝ Պոմպեյի երկուհազարամյա պատի քարտեզին էր քանդակված, և Ադրբեջանում հենց այդ նկարի հայտնաբերումից հետո սկսեցին հիստերիա բարձրացնել ու հանկարծ «հայտնաբերեցին», որ ադրբեջանական «տարածքները» ներկայացված են որպես հայկական, դեռևս 2000 տարի առաջ:

Նույնիսկ ուզում էին միջոցներ ձեռնարկել Իտալիայի կառավարությունից պարզաբանումներ ստանալու համար, բայց հետո գլխի ընկան, որ 2000 տարվա քարտեզը՝ պատին քանդակված, դժվար հայկական ձեռքով մոնտաժված կամ խեղաթյուրված լիներ...

Եվ այսքանից հետո այս «խելոքը», կամ իրենց իսկ լեզվով ասած՝ ղամմազը, նախընտրական ամպագորգոռ ճառում ուզում է «թասիբի գցել» ընտրողներին և ջրի երես է հանում իր հիվանդ երևակայության արգասիքը։

Ցավում եմ և ափսոսում, որ մեզ՝ պատերազմի բովով անցած ազատամարտիկներիս, ժամանակին թույլ չտվեցին ի թիվս այլ տարածքների գրավել նաև Բաքուն և մի լավ քաշել ամբարտավանների և այսօրինակ զառանցանքներ բարբաջողների ականջները։

Թող Իլհամն ու նրան սատարողներն իրենց ականջներին օղ անեն, որ այս տարի մենք տոնելու ենք քաղաքամայր Երևանի 2800-ամյակը։

Այնպես որ՝ բանաստեղծի լեզվով ասած՝

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է ու հին։
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակի նախագահ, գնդապետ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք