211652_close_icon
views-count3536 դիտում article-date 21:30 06-02-2018

Իրանում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Բուշեհր նահանգ և հսնդիպել նահանգի 80 ընկերությունների տնօրենների հետ

Փետրվարի 5-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնեց Իրանի Բուշեհր նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Աբդոլքարիմ Գարավանդի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Սայիդ Զարինֆարի, առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Խորշիդ Գազդերազիի հետ: Բուշեհրի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում նահանգի 80 ընկերությունների տնօրենների հետ կայացած հանդիպումը նվիրված էր ՀՀ տնտեսությանը վերաբերող նյութերի և ծրագրերի պրեզենտացիային: Միջոցառման մասնակիցներին և նահանգային պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին տրամադրվեցին տեղեկատվական փաթեթներ ՀՀ-ում ներդրումային պայմանների, ծրագրերի, ազատ գոտիների և մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ներդրումային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Հայաստանը՝ որպես երրորդ երկրներ մուտք գործելու համար տնտեսական հարթակ օգտագործելու հնարավորությունները: Դեսպան Թումանյանն այցելեց նաև Բուշեհրի հատուկ տնտեսական գոտու մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաև Բուշեհրի նավահանգիստ: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը նահանգապետարանի և Իրանի մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության աշխատակիցների ուղեկցությամբ եղավ նաև Բուշեհրի 18-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում, որը նահանգային իշխանությունները պատրաստվում են նորոգել:

Նմանատիպ նյութեր