211652_close_icon
views-count5689 դիտում article-date 18:52 11-01-2018

Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կհամալրվեն նոր կարգով

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի 11, կանանց պայքարին՝ 10 շախմատիստ: Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ պաշտոնական կայքին տեղեկացրեց, որ այս տարվա առաջնությունները կազմակերպական առումով տարբերվում են նախորդներից. «Հայաստանի շախմատի ֆեդերացիան նոր որոշումներ է ընդունել՝ կապված ազգային հավաքականների կազմի ձևավորման հետ: Նախկինում տղամարդկանց և կանանց հավաքականներում մեկական թափուր տեղ կար, որը զբաղեցնում էին հանրապետության տվյալ տարվա չեմպիոնները: Այս կարգը պահպանվում է տղամարդկանց ընտրանու երեք անդամների համար: Հայաստանի չեմպիոնը մտնում է հավաքական, սակայն ավելացել է ևս մի թափուր տեղ, որը ֆեդերացիայի որոշմամբ զբաղեցնելու է մրցաշրջանի առաջին մի քանի ամիսներին տարբեր մրցաշարերում առավել հաջող հանդես եկող շախմատիստը: Կանանց համար փոփոխությունները մի փոքր ավելի էական են, թեև սկզբունքը նույնն է: Այստեղ հավաքականում մնացել է երկու ամրագրված տեղ միայն մեր առաջատարներ Էլինա Դանիելյանի և Լիլիթ Մկրտչյանի համար: Հայաստանի այս առաջնությանը պիտի մասնակցեն նաև Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը, որոնք վերջին տարիներին մշտապես տեղ են ունեցել կանանց ազգային հավաքականում: Նրանք մյուսների հետ պետք է պայքարեն ընտրանիում տեղ զբաղեցնելու համար: Այս հանգամանքը կանանց առաջնությունում միջազգային կարգի վարպետի նորմա սահմանելու հնարավորություն է ընձեռել», - ասաց Աշոտ Վարդապետյանը, որը 13-րդ անգամ է որպես գլխավոր մրցավար սպասարկելու Հայաստանի առաջնությունները: Հայաստանի առաջնությունների մասնակիցների ցանկը. Տղամարդիկ. Հովհաննես Գաբուզյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Կարեն Գրիգորյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան: Կանայք. Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Մարիա Գևորգյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան, Սոնա Ասատրյան, Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան, Նարե Առաքելյան:

Նմանատիպ նյութեր