211652_close_icon
views-count12641 դիտում article-date 15:31 22-10-2017

Անգղի որսը կատարվել է 2012-ին, որսորդի ինքնությունը պարզվել է. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը պարզաբանում է ներկայացրել «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքի հոկտեմբերի 20-ի` «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքն է արձանագրվել։ Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ ապօրինի որսը տեղի է ունեցել 2012 թվականին, որսը կատարողի ինքնությունը պարզվել է։ Է. Ջանոյանը Ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է. ««Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքը հոկտեմբերի 20-ին, ժամը 18.39-ին, «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ՝ քաղաքացին սպանված անգղը ձեռքին լուսանկարով, հոդված է հրապարակել, որ համացանցում հայտնաբերվել է սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքը: Հոդվածում նշված է նաև, որ լուսանկարը համացանց է բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին»։ Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր