211652_close_icon
views-count7304 դիտում article-date 10:54 21-10-2017

Առցանց գովազդի մասին օրենքի նոր նախագիծ է մշակվում. «Ամերիկայի ձայն»

Այսօր, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է մեկ տարի, օրենսդիրներն աշխատում են երկկուսակցական մի ծրագրի վրա, որի նպատակը Միացյալ Նահանգներում քաղաքական առցանց գովազդները կարգավորելն է: Այս հարցն այսօր ավելի է արդիականացել այն կասկածների պատճառով, ըստ որոնց Ռուսաստանն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ հսկայական գումարներ էր ծախսել առցանց գովազդի համար: Օրենքի նախագիծը ներկայացրել են Դաշնային կառավարության ընտրությունների հարցերով զբաղվող կանոնադրության հանձնաժողովի գլխավոր անդամներից դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուչարը և Վիրջինիա նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Մարք Ուորները: Նախագծի նպատակը, Քլոբուչարի խոսքերով, առցանց քաղաքական գովազդների հարցում թափանցիկություն ապահովելն է: Նախագիծը պահանջում է, որ «Ֆեյսբուքի» կամ «Թվիթերի» նման սոցիալական ցանցերը պահպանեն ընտրությունների գովազդների հետ կապված բոլոր տեղեկությունները և նույն օրենքը կիրառել քաղաքական եթերային հաղորդումների ու տպագիր գովազդների դեպքում: Դաշնային ներկա օրենքների համաձայն, հեռուստատեսությունն ու ռադիկայանները պարտավոր են հանրության համար հասանելի դարձնել տվյալ քաղաքական գովազդի մասին բոլոր տվյալները: Դա վերաբերում է նրան, թե ով է անցկացնում գովազդը, երբ է այն եթեր արձակվում և ինչ արժե այն: Նոր նախագիծը պահանջում է, որ ընկերություններն ամեն ջանք ներդնեն ապահովելու համար, որ ընտրություններին առնչվող որևէ գովազդ պատվիրված չլինի օտար քաղաքացու կողմից: Հիշեցնենք, որ «Ֆեյսբուքը» պարզել էր, որ իր կայքում հայտնված գովազդները կապ են ունեցել ռուսական ինտերնետային մի գործակալության հետ, և որ այդ գովազդները հասանելի են եղել մոտավորապես տասը միլիոն օգտատերի: Դեմոկրատ երկու սենատորների ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել հանրապետական կոնգրեսական Ջոն Մաքքեյնի կողմից: Վերջինս Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահն է: «Ֆեյսբուքի», «Գուգըլի» ու «Թվիթերի» պատասխանատու պաշտոնյաները ստանալու են օրենքի այս նախագծի շուրջ իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն, երբ հաջորդ ամիս բաց լսումներ անցկացվեն Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում:

Նմանատիպ նյութեր