211652_close_icon
views-count12867 դիտում article-date 10:59 19-08-2017

Հայաստանից փայլուն գաղափարներ են գալիս Սիլիկոնի հովիտ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայնը» գրում է. ««Շատ գաջեթներ, որ մենք բոլորս օգտագործում ենք, ունեն մի մասնիկ, մի նյութ, մի աշխատանք, որը արվել է Հայաստանում», - Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հիշեցնում է՝ Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնի հովիտը առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերն է, հետևաբար՝ հատուկ ուշադրություն է պահանջում. «Այս տարվա նոյեմբերին մենք պիտի փորձենք Սիլիկոնի հովտում հիմնադրել և այսուհետ անցկացնել Հայաստանի օրեր, որը և գովազդային և անմիջական կապեր ստեղծելու առումով ամենամյա ձեռնարկ պետք է դառնա»: Դեսպանի խոսքով, տեխնոլոգիաների ոլորտում փայլուն գաղափարների լավագույն շուկան գտնվում է այսօր Սիլիկոնի հովտում, միևնույն ժամանակ. «Հայաստանից փայլուն գաղափարներ են գալիս, որոնք ճիշտ մարքետինգի դեպքում կարող են գտնել իրենց գնորդներին»: Այսպիսով, Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտում աշխատող ընկերությունները կարող են օգնություն ակնկալել ամերիկյան ընկերությունների հետ կապեր հաստատելու գործում, նշում է Գրիգոր Հովհաննիսյանը. «Պետությունը պետք է կարողանա օգնել փոքր ընկերություններին, սթարթափ կոչվածներին, որոնք սովորաբար երիտասարդ, պայծառ, փայլուն գաղափարներով երիտասարդներ են, որոնք չունեն ոչ փորձառություն ոչ ֆինանսական միջոցներ, օգնել նրանց, որպեսզի կարողանան վաճառել իրենց գաղափարները»: Այդ նպատակով մոտ ապագայում Կալիֆորնիայում կբացվի Հայաստանի առևտրատնտեսական պալատի գրասենյակ, նշում է դեսպանը, ով, ի դեպ, վերջերս հատուկ այց էր կատարել Սիլիկոնի հովիտ, հանդիպելով այնտեղ բազմաթիվ հայ մասնագետների. «Ցավով պիտի ասեմ, որ մեր մասնագետներից շատերը, հազարավոր հայաստանցի մասնագետներ, այսօր աշխատում են Սիլիկոնյան հովտում: Անշուշտ, Սիլիկոնյան հովտի ընկերությունները ավելի մրցունակ, ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում մեր որակյալ կադրերին, բայց նաև առավելություններ եմ տեսնում դրա մեջ, որովհետև այս մասնագետները այս ինժեներները դառնում են վեկտորը, որը կապում է հայրենիքի, ՏՏ ոլորտի ընկերությունները, այդ թվում նաև սթարթապները և հսկաները»: Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում բարձր արդյունքների հասած փայլուն երիտասարդներ, սակայն, բարձրորակ ինժեներների և ծրագրավորողների պահանջարկը պետությունում շարունակում է զգացվել. «Այն փաստը, որ Հայաստանից դուրս են գալիս համաշխարհային որակի մասնագետներ, որոնց պահանջարկը հենց Սիլիկոնյան հովտում բարձր է, չի կարող չուրախացնել: Մյուս կողմից՝ ինչպե՞ս պահել այդ մասնագետներին Հայաստանում, որպեսզի սեկտորն ինքը զարգանա»: Աշխարհում խոշորագույն՝ Միացյալ Նահանգների տնտեսության հետ առավել արդյունավետ համագործակցելու համար Հայաստանը փորձելու է կենտրոնանալ Կալիֆորնիա նահանգի հետ հատուկ կապերի հաստատման վրա. «Կալիֆորնիան կարող է դառնալ հենց այն թիրախը, այն դարպասը, որը կապահովի մեր մուտքը Միացյալ Նահանգների շուկա և նաև ամերիկյան ներդրումները»: Այդ նպատակով արդեն հոկտեմբերին Սիլիկոնի հովիտ հայկական պատվիրակություն կժամանի, իսկ հեռանկարում հնարավոր է Հայաստանն ու Կալիֆորնիան համագործակցության մասին հատուկ համաձայնագիր կնքեն: Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է՝ Հայաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում հանդես գալ որպես գործընկեր և ոչ միայն օժանդակություն ստացող կողմ»:

Նմանատիպ նյութեր