211652_close_icon
views-count21874 դիտում article-date 10:39 18-08-2017

Փորձեք Գլենդելում զենքով գրավել որևէ ոստիկանական բաժին, և տեսեք, թե ինչ են ձեզ հետ անելու. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ Երևանի փողոցներում ինձ մարդիկ են մոտենում և խոսում են «գյուլլելուց և վառելուց», դա ինձ համար անընդունելի է ոչ միայն այն պատճառով, որ ես դեմ եմ նման մեթոդների, այլ նաև այն պատճառով, որ այդ մարդիկ, կարծես թե, սպասում են, թե ես նրանց տեղը պիտի դա անեմ: Երբ «Սասնա ծռերը» կամ որևէ այլ նման զինված խումբ «գյուլլում է և վառում», դա դարձյալ ինձ համար անընդունելի է, բայց ես այստեղ գոնե ինչ-որ հետևողականություն եմ նկատում՝ մարդիկ ասում են և անում են, որովհետև ազգի փրկությունը «գյուլլելու և վառելու» մեջ են տեսնում: Բայց երբ հեռավոր «գլենդելներում», արմավենու տակ նստած մեր նախկին համաքաղաքացիները սկսում են համացանցով «արժեքավոր խորհուրդներ» տալ, թե ինչպես պետք է մենք այստեղ՝ Հայաստանում «վառենք և զյուլլենք», կամ ինչպես պետք է հայկական բանակը գրավի Բարդան, Եվլախը, Նախիջևանը և Բաքուն, դա արդեն զավեշտ է։ Բնականաբար, ոչ մեկի դատավորը չեմ՝ ով որտեղ և ինչպես ուզում՝ ապրում է, նրա անձնական գործն է: Մի 2-3 հայ կա, որ գերադասում է ապրել Բաքվում՝ խնդիր չեմ տեսնում: Հասկանում եմ նաև հայրենիքից հեռու ապրող հայրենակիցների մտահոգությունները, երբ դրանք զուսպ և կոռեկտ են ձևակերպված: Ես չեմ հասկանում հետևյալ ոճը. «Դուք ըտեղ սաղդ ստրուկ եք, որ չեք կարում մի հատ էս իշխանություններին սատկցնեք»: Մարդիկ, որոնք գտնվում են ամեն տեսակի վտանգներից 11,5 հազար կիլոմետր հեռավորության վրա, վիրտուալ ձևով ինքնահաստատվում են՝ կոչ անելով այստեղ արյուն թափել: Բնականաբար, առաջարկ է ծնվում՝ եկեք և թափեք: Եթե ձեզ դրա համար ազատազրկեն, հավատացնում եմ, այստեղ կգտնվեն իրավապաշտպաններ, որոնք ձեզ քաղբանտարկյալ կհամարեն: Այնպես որ, հերոսի պսակն ու փառքն ապահովված են: Ես չեմ կարծում, որ, ասենք, Կալիֆոռնիայում ապրող նախկին հայաստանցիների մեծ մասը Հայաստանում արյուն թափելու կողմնակից է: Պարզապես կողմնակիցները շատ ակտիվ են և ագրեսիվ, իսկ ադեկվատ մարդիկ չեն համարձակվում նրանց հակադարձել: Հայաստանում նույնն է. ես, օրինակ, շատ լավ գիտեմ, որ նման հոդվածներից հետո «գյուլլելու և վառելու» ջատագովները «վրա են տալիս»: Բայց ինձ չի թվում, որ «ամբողջ ժողովուրդն» է այդպես մտածոմ: ... Քանի որ այնտեղից՝ մեզ ուղղված հազարավոր խորհուրդներ են հնչում, ես էլ իմ կողմից մի խորհուրդ տամ: Փորձեք Գլենդելում զենքով գրավել որևէ ոստիկանական բաժին, և տեսեք, թե ինչ են ձեզ հետ անելու»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր