211652_close_icon
views-count58559 դիտում article-date 18:28 22-05-2017

Երևանի 3 ամենահին մեքենաների սեփականատերերը սիրահարված են իրենց «երկաթյա նժույգներին» և չեն համաձայնվում վաճառել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկրորդ համաշխարհային պատերազմով անցած, 1934թ-ի արտադրության ավստրիական «Շտայռը» (Steyr) Հայաստան է բերվել 1984թ-ին Ստանլինգրադից: Պատերազմ տեսած մեքենան այժմ «դերասանական» գործի է անցել, երբեմն էլ հարսանիքների է մասնակցումում: «Գեներալի մեքենա է եղել: Երբ բերվեց Հայաստան, շատ վատ վիճակում էր: Ռեստավրացիա արեցինք, ներկեցինք, էս տեսքն ստացավ: Էս մեքենան հայտնի է որպես տեսահոլվակների ու ֆիլմերի մեքենա՝ «Դուռը բաց» ֆիլմում է նկարահանվել, Ջիվան Գասպարյանի և Սարգիս Էդվարդսի տեսահոլոկավում»,- հպարտությամբ նշում է մեքենայի սեփականատեր Ժորա Պետրոսյանը: Ռետրո մեքենաների հավաքածու ունեցող Ժորա Պետրոսյանի ամենասիրելին բոլոր ժամանակներում եղել է 82-ամյա ծերուկ «Շտայռը»: 1990-ականներին այս մեքենայի համար անգամ 300.000 ԱՄՆ դոլար են առաջարկել: Բայց Ժորա Պետրոսյանը չի հրաժարվել սիրելի մեքենայից: «Ես միշտ սիրել եմ հին մեքենաներ: 1936թ. արտադրության «Մերսեդես» ունեմ, 1938թ. «Շևրոլե», 1940թ. BMW, 1950թ. ԶԻՍ… Բայց «Շտայռն» ուրիշ ձևով եմ սիրում, որովհետեւ կաբրիոլետի էս մեխանիզմը ոչ մի մեքենա չունի»: Ռետրո մեքենաների նկատմամբ սերը Ժորա Պետրոսյանը փոխանցել է դստեր ամուսնուն, ով էլ ցուցադրությունների ժամանակ ուղեկցում է հանրահայտ ավտոմեքենան: Խորհրդային միության տարիներին Կրեմլի առաջին դեմքերին սպասարկած ԶԻՍ 110-ն այս տարի նշեց իր 70-ամյակը: «Պատմական» մեքենան Հայաստանում հայտնվել է 1960թ-ին, երբ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը որոշել է այն դուրս գրել Կրեմլի հյուրերի սպասարկման ստորաբաժանունից և նվիրել փեսային՝ «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Աջուբեյին: «Քանի որ Աջուբեյը երկու մեքենա ուներ, որոշում է մեկը վաճառել: Գալիս է Հայաստան: Էստեղի հյուրանոցներից մեկում հայրս ծանոթանում է նրա հետ, մեքենան տեսնում, հավանում ու 80.000 ռուբլիով գնում: Էն ժամանակ էդ գնով 3 մեքենա կարելի էր գնել»,- պատմում է մեքենայի ներկայիս սեփականատեր Սուրեն Խորենյանը: Հենց այս մեքենայով է հետագայում Սուրեն Խորենյանը մեկնում հարսանեկան ճամփորդության՝ շրջում ողջ ԽՍՀՄ տարածքով: Խորենյաններին բազմիցս առաջարկել են ծերուկ ԶԻՍ 110-ը փոխանակել ամենավերջին արտադրության արտասահմանյան թանկարժեք մեքենաներով: Նրանք, սակայն, միշտ հրաժարվել են: «Շատ փափուկ, շքեղ մեքենա է: 56 տարի էս մեքենան տեղը տեղին ծառայել է մեզ: Ինչքան էլ առաջարկեն, մեկ է՝ չեմ վաճառի. Էդպիսի գին չկա, որի դիմաց ես կտայի էս մեքենան»,- ասում է Սուրեն Խորենյանը: 1948թ. արտադրության «Պոբեդան», կարծես, նոր է դուրս եկել գործարանից: Այն երևանցի Ռազմիկ Մարգարյանի ռետրո մեքենաների հավաքածուի նմուշներից է: «Բոլոր մասերն իրենն են, ոչ մի ավել բան չկա վրան: Երբ ուզեք, որտեղ ուզեք, իմ «Պոբեդան» կտանի տեղ կհասցնի, միշտ պատրաստի վիճակում կանգնած է»,- ասում է Ռազմիկ Մարգարյանը: Հին մեքենաների նկատմամբ սերը մասնագիտությամբ մեխանիկ Ռազմիկ Մարգարյանի մոտ վաղուց է առաջացել և տարիների հետ միայն ամրապնդվել է. «Ես հին մարդ եմ , հին էլ մեքենաներ եմ սիրում: 1950թ. Մոսկվիչ ունեմ, 1968թ. Վոլգա, 1953թ. ԶԻԼ, 1977թ. Մերսեդես… Որպես հիմնական փոխադրամիջոց Մերսեդեսն ենք քշում, բայց մյուս մեքենաներն էլ չեմ կարողանում վաճառել՝ ամեն մեկի հետ կյանքիս մի կարևոր էջ է կապված»: [url=https://jam-news.net/?p=6255&lang=hy]jam-news[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր