211652_close_icon
views-count14227 դիտում article-date 17:40 22-05-2017

Տաշիրի բաժնի ծառայողները արժանի են խրախուսման. Աշոտ Ահարոնյան

<Հետք>-ը հոդված ու տեսանյութ է հրապարակել, ուր կայքի լրագրողներն իրենց վրդովմունքն են հայտնում ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ ծառայողի կողմից նկարահանող խմբի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու և ինքնությունը ստուգելու գործողությունների վերաբերյալ: Հոդվածում ոստիկանությանը հիշեցվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդհուպ ազատազրկմամբ: Լրագրողների մեկնաբանությունները իրենց նկատմամբ կատարված <կամայականությունների> վերաբերյալ՝ առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս ոստիկանության, նաև սեփական իրավունքների ու պարտականությունների մակերեսային գնահատմամբ: Նախ՝ ցանկացած սահմանամերձ բնակավայրում նկարահանումները օբյեկտիվորեն կարող էին և պետք է գրավեին իրավապահների ուշադրությունը: Հավատացած եղեք, որ հետախուզական նպատակներով նկարահանումները կատարվում են հենց <անմեղ>> պատրվակներով, ու նկարահանողների ճակատին գրված չի լինում նրանց ինքնությունն ու պրոֆեսիոնալ գործունեության տեսակը: Ապա՝ անվտանգության ապահովման նկատառումներով՝ բերեխղճորեն գործող ցանկացած ոստիկան ունի հայեցողաբար գործելու իրավունք: <<Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ոստիկանն իրավունք ունի ստուգելու քաղաքացիների, ինչպես և պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց: Հիշյալ հովածի 3-րդ մասում օգտագործվող <բավարար հիմքեր> հասկացությունը ներառում է կասկածի առիթ տվող ցանկացած տվյալ: Այսինքն, փաստաթղթերի ստուգման համար բավարար է կասկածի առիթի ամենանվազագույն շեմն անգամ: Քանի որ նկարահանումները կատարվել են սահմանամերձ տարածքի բնակավայրերում, ոստիկանության ծառայողն իրավունք ուներ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը և պարզելու անձանց ինքնությունը: Եթե ինքնությունը պարզելուց ու լրագրողական գործունեություն կատարելու մեջ համոզվելուց հետո ոչ թե առաջարկվեր ներկայանալ բաժին, որից առաջարկություն ստացողը լիովին ազատ էր հրաժարվելու, այլ անձինք բերման ենթարկվեին, կունենայինք բոլորովին այլ պատկեր: Այդ դեպքում բարձրացված աղմուկը կունենար իմաստ ու նպատակ, իսկ ոստիկանության արձագանքը իր ծառայողի գործունեության նկատմամբ կլիներ՝ կոշտ ու օրինական: Սակայն ոստիկանության ծառայողի կողմից նման գործողություններ չեն ձեռնարկվել, և իրողությունը չի համապատասխանում լրագրողական արձագանքին: Պարզաբանեմ նաև, որ օրենքով նախատեսված դեպքերում իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցներ ու կանգնեցնելու համար ճանապարհային ոստիկան հրավիրելը պարտադիր չէ: Պարտադիր կլիներ,եթե տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտություն առաջանար Ճանապարհային երթևեկության կանոնի խախտման կասկածանքով: Բայց չէ՞ որ <Հետք>-ի խումբը ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել… Օպերատիվ ծառայողը կարող է օրինական պահանջներ ներկայացնել՝ լինելով քաղաքացիական հագուստով, եթե ներկայանում ու պարզաբանում է պահանջի հիմքերը, ինչը և արել է ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողը: Իմ խորհուրդը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին. Մի՛ ընդդիմացեք ոստիկանության ծառայողին, եթե անվերապահորեն վստահ չեք, որ նրա պահանջն ակնհայտ անօրինական է: Մի՛ շտապեք միակողմանի լուսաբանել իրողությունները. ձեր հապճեպ և զգացմունքային գնահատականներն ու տարածած տեսանյութերը կարող են հանրային սխալ պատկերացումների ու անվստահության պատճառ դառնալ: Եթե կասկածներ ունեք, որ ձեր նկատմամբ կատարվել է անօրինականություն, ապա նման կասկածի հիմքեր տվող նյութերն ու փաստաթղթերը տրամադրեք ՀՀ ոստիկանությանը. ստուգման արդյունքներով ձեզ կտրվի մասնագիտական եզրակացություն, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Եվս մեկ հիշեցում՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը ևս իրավախախտում է և առաջ է բերում վարչական պատասխանատվություն: Եվ որպես ամփոփում. ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները զգոնության և համարժեք գործողությունների համար իրականում արժանի են խրախուսման: Ի դեպ, շնորհակալության ու խրախուսանքի են արժանինաև անհայտ նկարահանողներին աչալրջորեն վերաբերված քաղաքացիները, որոնք, ի տարբերություն ոմանց, հասկանում են, թե ինչ է նշանակում սահմանամերձ տարածք և ինչ վտանգներով կարող է հղի լինել անտարբերությունը կասկած հարուցող ցանկացած երևույթի հանդեպ:

Նմանատիպ նյութեր