211652_close_icon
views-count3167 դիտում article-date 12:12 20-05-2017

Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը քաղաքական ուղերձ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վեցերորդ գումարման Ազգային ժողովում նախկին 12 հանձնաժողովների փոխարեն այսուհետ կգործեն 9 մշտական հանձնաժողովներ: Երեկ հայտնի դարձավ, որ փակվող հանձնաժողովների շարքում է նաև Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Այն, ըստ էության, միավորվում է պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հետ, ինչը երեկ բուռն քննարկումների առիթ դարձավ խորհրդարանում: Փոխարենը շատերի համար անսպասելիորեն որոշվեց պահպանել Եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովը, որը վերջին նստաշրջանում ոչ մի անգամ նիստ չէր գումարել: Ու թեև այս հանձնաժողովը ղեկավարած Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ հանձնաժողովը բավականին արդյունավետ աշխատել է, պարզապես կատարված գործը շատ չի հրապարակայնացվել, այնուամենայնիվ կարծիք կար, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ խորհրդարանում եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովը շարունակում է իներցիայով գործել՝ այն լուծարելով ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար: Ավելին՝ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո խոսվում էր նոր՝ Եվրասիական ինտեգրացիայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: Եվ հիմա՝ նոր խորհրդարանում Եվրաինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի պահպանումը կարելի է դիտարկել որպես քաղաքական ուղերձ՝ նոյեմբերին ԵՄ հետ ստորագրվելիք նոր՝ խորը և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ: ԱՆշուշտ, այս ուղերձը կարող է լինել հուսադրող, եթե, իհարկե, Հայաստանը շարունակի ԵՄ հետ ինտեգրացիոն քաղաքականության խորացումը, և չկրկնվի 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովի պատմությունը: Հատկապես, որ ստորագրվելիք փաստաթուղթն ինքնին շատ ավելի ցածր աստիճանի ինտեգրացիա է ենթադրում, քան այն, ինչ խոստացվում էր 2013-ին բանակցված և նախաստորագրման պատրաստ Ասոցացման համաձայնագրով: Ամեն դեպքում, Հայաստանի ինքնիշխանությունը վերջին տասնամյակում այն աստիճանի կախվածության մեջ է Կրեմլից, որ անգամ ԱԺ-ում Եվրաինտեգրացման հարցերով հանձնաժողովի գոյությունը կարելի է լուրջ քայլ համարել: Այլ խնդիր է՝ դա արվել է հյուսիսից պաշտոնապես թույլտվու-թյուն ստանալուց հետո, թե քաղաքական խիզախության արդյունքում, որի դիմաց առաջիկայում կարող են լինել եղբայրական «ապտակներ» ՀՀ իշխանություններին: Նկատի առնելով այս հանձնաժողովի նոմինալ գոյությունը և փաստի անգործությունը նախկինում՝ կարող ենք ասել, որ սա կարող է լինել փոքրիկ բոնուս ՀՀ իշխանություններին՝ սիրաշահելու տասնյակ միլիոնների վարկեր խոստացող ԵՄ պաշտոնյաներին: Ի վերջո, հենց նույն Կրեմլում էլ հասկանում են. եթե իրենք ֆորպոստին փող չեն տալիս, պետք է չփակեն գոնե այլ խողովակներով փող ստանալու հնարավորությունը, այլապես կարող են լինել անկառավարելի զարգացումներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր