211652_close_icon
views-count5961 դիտում article-date 11:42 20-05-2017

Խորհրդարանական միջանցքների ծագող աստղ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Գործընկերներիցս մեկը խորհրդարանական բանավեճերը բնութագրում է եռաստիճան համակարգով. 1/ «ղժիկ», 2/ «տժիկ», և 3/ «կիլդիմ», որը պատգամավորական լեզվակռվի ամենաբարձր մակարդակն է: Երեկ և այսօր պարզ դարձավ, որ այս դասակարգումն իր նշանակությունը պահպանելու է նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում: Պարզ է, որ մեծամասնությունն իր ուզածն անցկացնելու է, ինչպես ընդունված է ասել, «չորով»: (Օրինակ, եթե թույլ տրվեր ստեղծել ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողով և այն ղեկավարեր Էդմոն Մարուքյանը, ապա դրանից հաստատ իշխանափոխություն տեղի չէր ունենա, բայց, օգտագործելով մեծամասնության որոշ ներկայացուցիչների եզրաբանությունը, ոչ մի հարցում չզիջելը «պրինցիպի հաշիվ ա»): «Ծառուկյան» դաշինքը երկրորդական հարցերում հակադրվելու է մեծամասնության այդ գծին, բայց սկզբունքային խնդիրներում չի խոչընդոտելու իշխանության ծրագրերի իրականացմանը: Նշված երեք մակարդակի բանավեճերը հրահրելու է «Ելքը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց ազատ ժամանակը սրճարաններում կամ պուրակների նստարաններին անցկացնելով, հանում են իրենց հեռախոսները և սկսում են լսել Նիկոլ Փաշինյանի ելույթները: Դրանք իսկապես սուր են, խարազանող, դրամատուրգիայի տեսանկյունից լավ են կառուցված և հարուստ են դիպուկ արտահայտություններով ու սրամիտ համեմատություններով: Պարզապես ինձ չի թվում, որ անհրաժեշտ է ամեն մի մանր խնդրի կամ, ինչպես ԱԺ նորընտիր նախագահն է ասում՝ «ծիտիկի» («պտիչկայի») համար «ղժիկ» կամ «տժիկ» սարքել: Երբ գործը հասնի լուրջ հարցերի, հռետորական արվեստն ավելի շատ պետք կգա, և այն ժամանակ «ղժիկը» դարձյալ կընկալվի որպես սովորական, առօրյա երևույթ: Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները, և, առաջին հերթին կայքերը, չեն խորանում, թե ինչպես պետք է լուծվի այս կամ այն օրինագծում նկարագրված խնդիրը՝ դա շատ քչերին է հուզում: Փոխարենը մարդկանց շատ է հետաքրքրում, թե ով ում, դարձյալ օգտագործելով մեծամասնության բառապաշարը, «տռաս հանեց»: Բայց կարող են լինել հարցեր, որտեղ հասարակությունն իսկապես պետք է կողմնորոշվի, սակայն չի կարողանա, որովհետև խնդիրը կթաղվի հռետորաբանական հնարքների մեջ: Դահլիճում այդ ժանրի քննարկումները կարելի է պակասեցնել՝ մանավանդ, որ լրատվամիջոցների և օգտատերերի համար «ղժալու» լայն հնարավորություն են տալիս «միջանցքային հարցազրույցները»: Իհարկե, Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանն այլևս խորդարանում չեն: Փոխարենը մնացել է գեներալ Սեյրան Սարոյանը, որի հետ լրագրողների զրույցները կարող են անվերջ ձգվել և չձանձրացնել youtube-ի օգտատերերին: Բայց այդ առումով, կարծում եմ, խորհրդարանական միջացքների ծագող աստղ է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը դեռ մինչև վերջ չի բացահայտել իր բոլոր տաղանդները: Այնպես որ «քաղաքականություն» սիրողները սրճարաններում հաստատ զբաղմունք կունենան: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր