211652_close_icon
views-count27369 դիտում article-date 23:30 20-05-2017

Դատարանում հրաժարվեց վերջին խոսքից, ենթարկվեց մահապատժի, դիակիզվեց, իսկ մոխիրը լցվեց Իզար գետը. Ռոզենբերգ

Գերմանացի պետական ու քաղաքական գործիչ, Գերմանիայի ազգային-սոցիալիստական բանվորական կուսակցության ազդեցիկ անդամ և գաղափարախոս, նացիստական գաղափարախոսության առանցքային հասկացությունների հեղինակ («ռասայական տեսություն», «հրեական հարցի վերջնական լուծում», «Վերսալի պայմանագրի չեղարկում», «այլասերված արվեստի դեմ պայքար» և այլն) Ալֆրեդ Ռոզենբերգի «20-րդ դարի առասպելը» համարվում է անցյալ դարի ամենավտանգավոր գրքերից մեկը: Ալֆրեդ Էռնստ Ռոզեմբերգի հայրը Լատվիայի մեծահարուստ վաճառական էր, մայրը՝ գերմանացի՝ ծնունդով Ֆրանսիայից: Ալֆրեդը ծնվել է Տալլինում 1983-ի հունվարի 12-ին: Ավարտել է Պետրի ռեալական դպրոցը (ներկայում՝ Tallinna Reaalkool), ճարտարապետություն ուսումնասիրել Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտում, ճարտարագիտություն է ուսումնասիրել Մոսկվայի տեխնիկական բարձրագույն դպրոցում: Ասպիրանտուրան ավարտել է 1918-ին: Այցելել է նաև հայտնի նկարիչ Անթս Լայկմայի արվեստի ստուդիա, չնայած որևէ արձանագրություն չկա, որ նրա աշխատանքները երբևէ ցուցադրվել են: 1917-ի ռուսական հեղափոխության ընթացքում Ռոզենբերգը չի աջակցում ռուսամետներին, չնայած, որ ողջունում է նրանց գործելակերպը: 1918-ին նա, ավարտելով ուսումը, մեկնում է Գերմանիա՝ Մյունխեն և 1919-ին անդամագրվում Գերմանական բանվորական կուսակցությանը, (Ադոլֆի Հիտլերի անդամակցությունից 8 ամիս առաջ), որը Հիտլերի անդամակցությունից հետո վերանվանվում է Գերմանիայի ազգային-սոցիալիստական բանվորական կուսակցության: [img]http://shamshyan.com/ups/images/0033639001495203533236246.jpg[/img] [i]Ալֆերդ Ռոզենբերգ[/i] Ռոզենբերգը 1923-ին ընտրվում է Նացիստական կուսակցության թերթի խմբագիր: Հետագայում Հիտլերը հայտարարում է, որ Ռոզենբերգի ընտրությունը ռազմավարական նշանակություն ունեցավ: [img]http://shamshyan.com/ups/images/0615402001495203545563090.jpg[/img] [i]Ադոլֆ Հիտլերն ու զիակիցները բանտում, Ադոլֆ Հիտլերը և Ալֆրեդ Ռոզենբերգը[/i] 1929-ին Ռոզենբերգը հիմնադրում է Գերմանական մշակույթի ռազմական լիգան։ Հետագայում՝ հրեական հարցի ուսումնասիրության ինստիտուտը, որի նպատակը գերմանական մշակույթում հրեական ազդեցության բացահայտումը և հրեական պատմության վերագնահատումն էր ծայրահեղ ազգայնական տեսանկյունից։ 1930-ին Ռոզեմբերգը դառնում է Ռայխստագի պատգամավոր և հրատարակում իր հայտնի գիրքը՝ «20-րդ դարի առասպելը»։ Գիրքը մեծ ժողովրդականություն է վայելում և դիտվում է որպես երրորդ ռայխի երկու բեսթսելլերներից մեկը, (մյուսը՝ «Իմ պայքարը» (Mein Kampf), հեղ. Ադոլֆ Հիտլեր), որի մասին Ադոլֆ Հիտլերն ասել է. «Ես պետք է պնդեմ, որ Ռոզենբերգի «20-րդ դարի առասպելը» չպետք է դիտվի որպես կուսակցության համոզմունքների արտահայտություն»: [img]http://shamshyan.com/ups/images/0190448001495203567209470.jpg[/img] [i]«20-րդ դարի առասպելը» գիրքը[/i] Ադոլֆ Հիտլերն արվեստի և գիտության պետական մրցանակին առաջինն արժանացրել է հենց Ալֆրեդ Ռոզենբերգին։ Մրցանակի հետ տրված պաշտոնական փաստաթղթում Ռոզենբերգը գովաբանվում էր որպես մարդ, որն ամուր հիմք է դրել ազգային սոցիալիզմի գաղափարները հասկանալու համար։ Ռոզենբերգը ոգեշնչվել էր Արթուր դը Գոբինոյի «Մարդկային ռասաների անհավասարության մասին էսսե»-ում արտահայտված ռասիստական տեսությունից։ Ռոզենբերգը հավատում էր, որ Աստված մարդկանց ստեղծել է որպես առանձին, տարբերակված ցեղեր առաքինության և մեծահոգության հիերարխիկ կասկադում, այլ ոչ որպես առանձին անհատներ: Նա պնդում էր, որ յուրաքանչյուր կենսաբանական ռասա ունի որոշակի, յուրահատուկ ոգի, և փորձում էր լիարժեք հիմնավորել այլ ցեղերի նկատմամբ արիական ցեղերի գերակայությունը: Ռոզենբերգը կտրուկ քննադատության է ենթարկում եկեղեցուն կոսմոպոլիտիզմի և ռասայական տեսությունների մերժման համար։ Գերմանիայի սպառազինության ռայխսմինիստր Ալբերտ Շպեերը գրել է. «Պաշտոնապես, այս գիրքը համարվել է գաղափարախոսության դասագիրք, չնայած կլոր սեղանի շուրջ Հիտլերն առանց այլևայլի ասել է, որ այս գիրքը անհասկանալի դատարկաբանություն է»: [img]http://shamshyan.com/ups/images/0364394001495203579127207.jpg[/img] [i]Ալբերտ Շպեեր (Սպառազինության և զինամթերքի ռայսխմինիստր)[/i] 1933-ին, երբ Հիտլերը նշանակվում է կանցլեր, Ռոզենբերգը նշանակվում է նացիստական կուսակցության արտաքին քաղաքականության վարչության ղեկավար: [img]http://shamshyan.com/ups/images/0494880001495203594962071.jpg[/img] [i]Ռոզենբերգը ներքևի շարքում աջից առաջինը, Ռայխստագում Հիտլերի ելույթի ժամանակ[/i] 1933-ին Ռոզենբերգի այցը Մեծ Բրիտանիա նպատակ ուներ տպավորություն ստեղծել, որ նացիստները սպառնալիք չեն լինի և կշարունակեն Բրիտանական կայսրության հետ համագործակցությունը: Երբ Ռոզենբերգը Բրիտանիայում սվաստիկա կրող ծաղկեպսակ է դնում հուշարձաններից մեկի դիմաց, Լեյբորիստական կուսակցության մի թեկնածու կոտրում է այն և նետում Թեմզա գետը՝ դիտավորյալ վնասի համար տուգանվելով 40 շիլինգ: [img]http://shamshyan.com/ups/images/0990753001495203663573894.jpg[/img] [i]Ալֆրեդ Ռոզենբերգը Լոնդոնում[/i] 1934-ի հունվարին Ռոզենբերգը նշանակում է նացիստական կուսակցության հոգևոր և փիլիսոփայական կրթության պատասխանատու։ Իսկ 1940-ի հունվարի 29-ին նշանակվում է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ազգային սոցիալիստական գաղափարախոսության և կրթության հարցերով ղեկավար, այնուհետև ձևավորում է շտաբ, որը նպատակ էր հետապնդում զբաղվել գիտահետազոտական գրադարանի ստեղծմամբ, բայց պատերազմի ընթացքում վերածվում է մի կազմակերպության, որը բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների լայնածավալ զավթում էր իրականացնում։ [img]http://shamshyan.com/ups/images/0117296001495203692315821.jpg[/img] [i]բռնագրավված գրքերը Ռիգայում (1943-ի նոյեմբեր), գրքերի վրա դրվող նացիստական կնիքը[/i] ԽՍՀՄ ներխուժելուց հետո Ռոզենբերգը նշանակվում է արևելյան բռնազավթված տարածքներում Ռայխի նախարարության ղեկավար (Reichsministerium für die besetzten Ostgebiete): Ռոզենբերգը արևելյան գրավյալ տարածքների վերաբերյալ պլան է մշակում, առաջարկելով նոր վարչական շրջաններ ձևավորել, ինչպես նաև նախկինում Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներում նոր վարչական բաժանումներ կատարել: Վարչական տարածքների ձևավորման ընթացքում Ռոզենբերգի և ՍՍ-ի (Schutzstaffeln - պահնորդական ջոկատներ, արտոնյալ ռազմականացված կազմակերպություն, որի խնդիրը սկզբում Հիտլերի և կուսակցության ղեկավարների պահպանությունն էր) միջև տարաձայնություններ են առաջանում գերմանական բռնազավթված տարածքներում սլավոնների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների կապակցությամբ, քանի որ Ռոզենբերգը սլավոններին համարում էր արիական ռասայի ժողովուդ: Ռոզենբերգն առաջարկում էր ստեղծել բուֆերային պետություններ Ֆինլանդիայում, Մերձբալթիկայում, Ուկրաինայում և Կովկասում։ Նա առաջարկում էր նաև բռնազավթված տարածքների բնակչության շրջանում խրախուսել հակակոմունիստական տրամադրությունները։ [img]http://shamshyan.com/ups/images/0522126001495203703847603.jpg[/img] [i]Բռնազավթված արևելյան տարածքների ռայխսնախարարության նախկին շենքը[/i] 1942-ի փետրվարին Ռոզենբերգը նաև առաջ է քաշում ագրարային օրենքը, որով նախատեսվում էր չեղարկել խորհրդային գյուղատնտեսական օրենսդրությունը, վերականգնել հողի հանդեպ սեփականության իրավունքը, խթանել ֆերմերային տնտեսությունների ստեղծումը: Սակայն կոլեկտիվացման վերացումը հակասում էր ռազմական սննդամթերքի արտադրության լայն պահանջներին: Եվ Հերման Գյորինգը պահանջում է պահպանել կոլեկտիվ տնտեսությունները՝ փոփոխելով անվանումը: Ռոզենբերգի մեկ այլ նախաձեռնությունն էր «Ազատ Կովկաս» քարոզարշավը՝ արևելյան լեգեոնում տարբեր ազգությունների ներգրավումը: [img]http://shamshyan.com/ups/images/047158600149520371560744.jpg[/img] [i]Նյուրնբերգյան դատարանի դահլիճում, 1946 (Ռոզենբերգն առաջին շարքի ձախ կողմում, ականջակալներով)[/i] Ռոզենբերգը ձերբակալվում է դաշնակից զորքերի կողմից 1945-ի մայիսի 19-ին Ֆլենսբուրգի հոսպիտալում։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ նա մեղադրվում է պատերազմական ագրեսիայի պլանավորման, նախաձեռնության և մղման, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կազմակերպման և իրականացման մեջ։ Նա նաև մեղադրվում է բռնազավթված եվրոպական երկրներում համակարգված թալանի մեջ։ Բանտում Ռոզենբերգը հուշեր է գրում, որոնք հրատարակվում են հետմահու՝ Սերժ Լենգի և Էռնստ ֆոն Շենկի վերլուծական մեկնաբանությամբ: [img]http://shamshyan.com/ups/images/076466700149520373381154.jpg[/img] [i]Ռոզենբերգն իր բանտախցում, Ռոզենբերգը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ[/i] Ռոզենբերգը միակ դատապարտյալն է, որը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ հրաժարվում է վերջին խոսքից: Նա դատապարտվում է մահապատժի, որն իրականացվում է 1946-ի հոկտեմբերի 16-ի առավոտյան: Մահապատժի ենթարկվածների դիակիզումն իրականացվում է Մյունխենում, և մոխիրը լցվում է Իզար գետը (Դանուբի վտակ): [img]http://shamshyan.com/ups/images/0291817001495203744948978.jpg[/img] [i]Իզար գետը Մյունխենում[/i] Ռոզենբերգը գրել է գրական, գիտական, հրապարակախոսական, ծրագրային ահռելի մեծ ծավալի աշխատանքներ: Նրանց մեծ մասն առ այսօր արգելված է շատ երկրներում՝ հակասեմիտական ատելություն և ռասայական խտրականություն քարոզելու պատճառով: Սակայն ամենազդեցիկ գիրքը մնում է «20-րդ դարի առասպելը», որն այսօր նեոնացիստների գաղափարական հենքերից մեկն է: [img]http://shamshyan.com/ups/images/0089332001495203758389635.jpg[/img]

Նմանատիպ նյութեր