211652_close_icon
views-count3315 դիտում article-date 10:46 26-04-2017

Մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կարծում եմ՝ շատերի համար ակնհայտ է, և անցած խորհրդարանական ընտրությունները դա ապացուցեցին, որ մեր քաղաքական լիդերները շատ քիչ են մտածում նույնիսկ այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ «նախընտրական դատողություններ» են անում: Անգամ տնտեսական հարցերի մեջ չխորացած մարդը, եթե 2-3 րոպե «գլխին զոռ տա», կհասկանա, որ «ծանոթ շեյխ գտնեմ, նա ներդրում կանի», կամ «Նաիրիտը խոդի տանք» տիպի արտահայտությունները պարզապես օդի տատանում են: Կամ՝ այս, ավագանու ընտրարշավում մեկն առաջարկում է հետևյալ կերպ լուծել Երևանի տրանսպորտի խնդիրը՝ ավելացնել մետրոյի վագոնների թիվը: Էլ ո՞ւր մնացին ավելի բարդ՝ անվտանգության, պետական կառավարման, աշխարհաքաղաքական խնդիրները: Երբ Արմեն Աշոտյանը հրավիրեց Առաջին նախագահին դասախոսություններ կարդալու ՀՀԿ քաղաքական դպրոցում, դա ընկալվեց որպես կատակ: Բայց աշխարհում ընդունված պրակտիկա է. փորձ ունեցող, բայց թոշակի գնացած գործիչները, այդ թվում առաջին դեմքերը հովանավորում են լուրջ վերլուծական կենտրոններ, դասախոսություններ են կարդում համալսարաններում: Մեզանում ամեն ինչ առայժմ գավառական նեղվածությունների մակարդակին է: Այստեղից էլ քննարկումների ահավոր ցածր մտավոր մակարդակը: Բերեմ մի օրինակ: Ես փորձում եմ ինչ-որ հասարակական խնդրի շուրջ իմ (ճիշտ թե սխալ) մտքերը ձևակերպել: Բայց այդ տեսակետի շուրջ որևէ քննարկում չի ծավալվում: Ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունը մոտավորապես հետևյալն է. «էս երկրին, էս ժողովրդին պետք է էս երկիրը, էս ժողովրդին սիրող, նրա մասին հոգ տանող իշխանություն, մնացածը սաղ սուտ է»: Այդ պարզունակ, սնամեջ և կասեի անգամ՝ «լալահառաչ» եզրահանգմանը գալիս են ոչ միայն տաքսու վարորդները կամ կանաչի ծախողները, այլև մարդիկ, որոնք հավակնում են հանդես գալ որպես «խորիմաստ մեկնաբաններ»: Քանի վերլուծաբանների և քաղաքական գործիչների մտավոր մակարդակը սա է, քանի նրանք բոլորի հետ միասին սպասում են «ազգասեր, հայրենասեր և հոգատար իշխանության», դժվար է ակնկալել այլ արդյունք, քան այն, որը մենք ունենք: Ինքնին հարցը՝ թե ինչ իշխանություն է պետք «էս երկրին», սխալ է ու անիմաստ. իշխանությունը տեխնիկական կատեգորիա, ֆունկցիա է, ոչ լավ կամ վատ «պապաների» խումբ: Հակադրվելով «խորիմաստ վերլուծաբաններին», կրկնեմ՝ մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր