211652_close_icon
views-count13512 դիտում article-date 17:42 10-02-2017

«Ստեպ» պարաոճը Հայաստանում զարգացում կապրի․ 2-օրյա անվճար դասընթաց օտարերկրացի պարուսույցի կողմից

«Ստեպ»-ի մշակույթը Հայաստանում կարծես թե զարգացում է ապրում։ Այս մասին փետրվարի 10-ին Նոյան տապան մամուլի ակումբում փաստեցին Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրեն  Շոն Գավանը, «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախագահ  Արման Ղուկասյանը և դերասան, բալետմայստեր, Հայաստանի ստեպի ֆեդերացիայի նախագահ  «Դոփապարի»  ֆեդերացիայի նախագահ Ստեփան Ղամբարյանը։ Բանախոսները ներկայացրին «Ստեպ»-ի մշակույթը աշխարհում և Հայաստանում. պարատեսակի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը, զարգացման անհրաժեշտությունը, տարածման, ուսուցման հրատապ խնդիրները։ Շոն Գավանի այցի նպատակը միջազգային առաջնություններում  և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծելն է։  «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն պարբերաբար հրավիրում է պարային ոլորտի տարբեր ներկայացուցիչների զարգացնելու այս կամ այն պարային ճյուղ Հայաստանում։ Արման Ղուկասյանն ու Ստեփան Ղամբարյանը որոշելով զարգացնել պարային այս ճյուղը մեր երկրում՝ Հայաստան են հրավիրել Իռլանդական «Ստեպ» պարերի միջազգային ֆեդերացիայի զարգացման հարցերով տնօրեն  Շ. Գավանին, ով 2-օրյա անվճար դասընթաց կանցկացնի Հայաստանում (Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, ժամը 12։00- 14։00): Նա իռլանդական պարերի վարպետության դասեր է տվել Չինաաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելարուսիայում, Իռլանդիայում, Արգենտինայում, Չիլիում, Ճապոնիայում և Ավստրալիայում։ Դասընթացին ներկա կլինեն ինչպես հետաքրքրված անձինք, այնպես էլ հայտնի և կայացած պարուսույցներ։ Հայաստանի մասին էլեկտրոնային հանրագիտարանից տեղեկացած Շ. Գավանը 3-օրյա այցի ընթցքում արդեն հասցրել է սիրել Հայաստանը և հասկացել, որ հայերս ընկերասեր մարդիկ ենք։ Նշենք, որ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նպատակը հայկական մշակույթը միջազգային ասպարեզներում բարձր մակարդակով ներկայացնելն է, ինչպես նաև օտարերկրյա արտիստներին մեզ մոտ հրավիրելն ու նրանց մեր պատմությանը ծանոթացնելը։ Հայաստանի ստեպի ֆեդերացիայի նախագահ  «Դոփապարի»  ֆեդերացիայի նախագահ Ստեփան Ղամբարյանն իր խոսքում նշեց, որ ամեն մեկը չի կարող ստեպ պարել․ այն հոգեվիճակ է։ «Մեզ մոտ, իհարկե, զգացվում է պոտենցիալ, սակայն չպետք է մոռանալ, որ մենք անհրաժեշտ պայմաններ չունենք․ համապատասխան բեմահարթակներ, կոշիկներ և այլն, որով նույնպես պայմանավորված է այս պարաոճի պասիվությունը Հայաստանում»,-ասաց Ստեփան Ղամբարյանը։ Գավանը մտադիր է գործունեություն ծավալել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ուստի «Կատարողական արվեստի ասոցիացիա»-ն և «Ստեպ»-ի ֆեդերացիան մտադիր են համագործակցություն սկսել նաև Վրաստանի հետ։ Բանախոսները նշեցին, որ Գավանի այցելությունները Հայաստան հաճախակի կդառնան, և նա անձամբ կտեսնի ստացված արդյունքը։ Շուտով Հայաստանն իր ասելիքը կունենա «Ստեպ»-ում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր